Մադրիդի «Ատլետիկոյից» Խուլիան Ալվարեսի հավանական տեղափոխությունը «Բարսելոնա» շարունակում է մնալ ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող տրանսֆերային թեմաներից մեկը։
Արգենտինացի հարձակվողը համարվում է «կապտանռնագույնների» գլխավոր տրանսֆերային նպատակը։ Ինչպես հաղորդում է Barca Universal պարբերականը, 26-ամյա ֆուտբոլիստի գործակալն արդեն ժամանել է Բարսելոնա։ Ընդ որում՝ այս մասին նա անձամբ է տեղեկացրել՝ համապատասխան հրապարակում անելով սոցիալական ցանցերի իր էջերում։ Գործակալի այցի բուն նպատակը, սակայն, դեռևս անհայտ է մնում։
Հիշեցնենք, որ կիրակի՝ մայիսի 24-ին կայացած Լա լիգայի եզրափակիչ տուրի խաղում մադրիդյան ակումբը խոշոր՝ 1-5 հաշվով պարտություն կրեց «Վիլյառեալից»։ Հանդիպման ավարտից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, պատասխանելով Ալվարեսի ապագային վերաբերող հարցին, իր մեկնաբանությամբ միայն ավելի է թեժացրել ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները։




























































