«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հալանդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» հետաքրքրությունների առանցքում: Սակայն, ինչպես հաղորդում է մարզական լրագրող Սերխիո Գոնսալեսը, կատալոնական ակումբը չի շտապում նորվեգացի ռմբարկուի տրանսֆերի հարցում։
Ըստ աղբյուրի՝ ներկա պահին նրա տեղափոխությունը կատալոնական ակումբ գործնականում անհնար է, անգամ այն դեպքում, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Գլխավոր պատճառն այն է, որ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան մտադիր չէ որևէ հարձակվողի համար վճարել 100 միլիոն եվրոյից ավելի։ Բացի այդ, ֆինանսական նկատառումներից ելնելով, «Բարսելոնան» նախապատվությունը տալիս է այնպիսի գործարքների, որոնց դեպքում գումարի վճարումն իրականացվում է մաս-մաս։
Հիշեցնենք, որ Էռլինգ Հալանդը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականին՝ 60 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը «քաղաքայինների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։


























































