«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահեցրել է, որ ամռանը չի հեռանա թիմից։ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Չելսիի» դեմ կայանալիք խաղին ընդառաջ իսպանացի մասնագետը հերքել է իր հնարավոր հեռանալու մասին լուրերը։
«Արդյոք սա՞ իմ վերջին այցն է «Ուեմբլի»։ Բացառվո՛ւմ է։ Բացառվում է։ Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հայտնի է, որ որպես Պեպի հավանական փոխարինող՝ մանչեսթերյան ակումբն առաջնահերթ դիտարկում է Էնցո Մարեսկայի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Մարեսկան պաշտոնանկ էր արվել «Չելսիից», որի ղեկին նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները։ Իսկ մինչ այդ՝ 2024 թվականին, իտալացին «Լեսթերի» հետ հաղթել էր Չեմպիոնշիփում։
Հավելենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։























































