2026 թվականին Instagram-ում կեղծ օգտահաշիվների զանգվածային մաքրումը հանգեցրել է բազմաթիվ հայտնիների հետևորդների թվի անսպասելի անկման։ Meta ընկերության կոշտ միջոցառումների հետևանքով զգալի քանակությամբ լսարան են կորցրել նաև համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերը:
Ֆուտբոլային աշխարհում Meta-ի արմատական քայլերից առավել շատ տուժել են Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն։ Speedline-ի տվյալներով՝ ընկերությունը հարթակը մաքրելու նպատակով հեռացնում է ոչ ակտիվ, սպամ-օգտահաշիվներն ու բոտերին։ Այս գործընթացը բովանդակության քաղաքականության խստացման, իրական օգտահաշիվների նկատմամբ վստահության բարձրացման և արհեստական ակտիվության դեմ պայքարի ծրագրի մի մասն է։
Ամենամեծ կորուստը կրել է Ռոնալդուն։ Գնահատականների համաձայն՝ մաքրումից հետո պորտուգալացի գերաստղը կորցրել է մոտ 18 միլիոն հետևորդ։ Չնայած դրան՝ նա շարունակում է մնալ աշխարհում Instagram-ի ամենաշատ հետևորդներ ունեցող մարդը (666 միլիոն)՝ ապացուցելով իր հսկայական ժողովրդականությունը։
Այս ընթացքում Մեսսին նույնպես կորցրել է շուրջ 8 միլիոն հետևորդ։ Աշխարհի 2022 թվականի չեմպիոնի օգտահաշիվը նախկինում ուներ 515 միլիոն հետևորդ, սակայն ստուգումներից հետո այդ թիվը նվազել է մինչև 507 միլիոնի։
Գործընթացից անմասն չի մնացել նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մբապեն, թեև նրա կորուստներն անհամեմատ ավելի փոքր են. ֆրանսիացին կորցրել է մոտ 840 հազար հետևորդ։ Այս հանգամանքը մասամբ բացատրվում է նրա իրական լսարանի և ժողովրդականության կայունությամբ։
Փորձագետները հավաստիացնում են, որ թվերի այս անկումն ամենևին էլ չի վկայում գերաստղերի հեղինակության նվազման մասին։ Հեռացված հետևորդների ճնշող մեծամասնությունը կեղծ կամ ոչ ակտիվ օգտահաշիվներ են: Այլ կերպ ասած՝ Instagram-ը պարզապես վերականգնում է սոցիալական ցանցի իրական պատկերն ու արժեքը։
























































