«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հնարավոր է կարիերան շարունակի Թուրինի «Յուվենտուսում»: Ինչպես տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը, թուրինյան ակումբն արդեն բանակցություններ է վարել լեհ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Ըստ աղբյուրի՝ 37-ամյա հարձակվողը պատրաստ է քննարկել «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորությունը այն դեպքում, եթե թիմը հաջորդ մրցաշրջանի համար նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Կատալոնական ակումբից հեռանալու պարագայում հենց թուրինյան թիմն է համարվում նրա առաջնահերթ ընտրությունը:
Նշենք, որ Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ: Կատալոնական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել էր նոր պայմանագիր՝ աշխատավարձի զգալի կրճատմամբ, սակայն նման պայմանները խաղացողին չեն գոհացրել:
Պարբերականի փոխանցմամբ՝ հարձակվողի գործակալ Պինի Զահավին արդեն հանդիպում է ունեցել «Յուվենտուսի» ղեկավարության հետ: Նախնական տվյալներով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են մեկամյա պայմանագիր, որով Լևանդովսկու աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 6 միլիոն եվրո՝ գումարած հնարավոր բոնուսները:

























































