Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմում կան ֆուտբոլիստներ, որոնցից ինքը հիասթափված է։
«Իհարկե ոչ։ Ես հրապարակայնորեն պաշտպանում եմ նրանց և կշարունակեմ դա անել, քանի որ գիտեմ՝ իմ ճակատագիրը նրանց ձեռքերում է։ Ես ամեն օր տեսնում եմ նրանց նվիրվածությունն ու աշխատանքը. նրանք միշտ փորձում են խաղադաշտում թողնել իրենց ողջ ուժերը։ Կարծում եմ՝ մարզիչը հենց այդպես էլ պետք է վարվի»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում «արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։
Իսպանացի մասնագետը նաև ընդգծել է, որ «սերուցքայինների» մեծ մասի հետ բավականին անկեղծ ու բաց հարաբերություններ ունի։
«Մենք հաճախ ենք առանձնազրույցներ ունենում։ Համոզված եմ, որ այն ամենը, ինչ կարիք ունի լուծման, պետք է մնա մեր միջև՝ ներսում։ Քանի դեռ ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, միշտ պաշտպանելու եմ նրանց»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 74 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է և 14 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»։ Մադրիդյան թիմն առաջնությունում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ մայիսի 3-ին, մրցելով «Էսպանյոլի» հետ։
Նշենք, որ Արբելոան «Ռեալը» գլխավորում է 2026 թվականի հունվարից։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ամռանը գլխավոր մարզչի պաշտոնում նրան կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյուն։

























































