«Բարսելոնան» դիմել է Իսպանիայի ազգային հավաքականի ղեկավարությանը՝ խնդրելով թիմի վինգեր Լամին Յամալին չընդգրկել 2026 թվականի Աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումների հայտացուցակում։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Sport.es պարբերականը։
Երիտասարդ տաղանդը վնասվածք էր ստացել Իսպանիայի Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (1:0) 11-մետրանոց հարվածն իրացնելիս: Դրա հետևանքով Յամալը ստիպված է եղել լքել խաղադաշտը դեռևս առաջին խաղակեսի վերջնամասում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբում խիստ անհանգստացած են խաղացողի առողջական վիճակով և ցանկանում են, որ նա լիովին ապաքինվի գլխավոր մրցաշարի կարևորագույն փուլերից առաջ։ Եթե Յամալը բաց թողնի Կաբո-Վերդեի և Սաուդյան Արաբիայի ազգային ընտրանիների դեմ հանդիպումները, դա հնարավորություն կտա խուսափել վնասվածքի բարդացման ավելորդ ռիսկերից։
Սպասվում է, որ Յամալի նորամուտը Աշխարհի առաջնությունում կարող է կայանալ արդեն Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում, սակայն վերջնական որոշումը կկայացվի միմիայն նրա ապաքինման ընթացքից և բժիշկների եզրակացությունից ելնելով։
























































