Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն անդրադարձել է այն խոսակցություններին, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել կատալոնական «Բարսելոնայի» շարքերը։
«Աշխատում եմ կարևորություն չտալ խոսակցություններին։ Ամեն շաբաթ նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Փորձում եմ էներգիաս դրա վրա չվատնել և կենտրոնանալ բուն աշխատանքիս վրա։ Հիմա մրցաշրջանի ամենակարևոր փուլն է, և ես ուզում եմ լավագույն մարզավիճակում լինել՝ թիմին օգնելու համար։ Ես չեմ կարող անընդհատ հանդես գալ հայտարարություններով և հերքել կամ պարզաբանել յուրաքանչյուր նորություն», — Ալվարեսի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Նշենք, որ չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»։ Մադրիդում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հատկանշական է, որ օրեր առաջ իսպանական մարզական մամուլում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում առ այն, որ աստղային ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն նոր բնակարան են փնտրում Բարսելոնայում։

























































