Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում կայացել են մի շարք ուշագրավ հանդիպումներ։ Մյունխենի «Բավարիան» անհավանական կամային հաղթանակ է տարել «Մայնցի» նկատմամբ, իսկ Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս կարևոր միավորներ է վաստակել «Քյոլնի» հետ դիմակայությունում։
Մյունխենի «Բավարիան» 4:3 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Մայնցից»: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը վստահորեն հաղթում էին 3:0 հաշվով՝ շնորհիվ Դոմինիկ Կորի (15′), Պաուլ Նեբելի (29′) և Շերալդո Բեկերի (45+2′) խփած գոլերի։
Սակայն երկրորդ կեսում մյունխենցիները կարողացան արմատապես բեկել հանդիպման ընթացքը։ 53-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Նիկոլաս Ջեքսոնը։ Քսան րոպե անց Մայքլ Օլիսեն խփեց հյուրերի երկրորդ գնդակը, իսկ 80-րդ րոպեին Ջամալ Մուսիալան վերականգնեց հավասարությունը։ Ընդամենը երեք րոպե անց՝ 83-րդ րոպեին, Հարի Քեյնը դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ եզրափակելով ֆանտաստիկ քամբեքը։
Տուրի մյուս դիմակայությունում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց «Քյոլնին»: Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Պատրիկ Շիկը՝ դառնալով դուբլի հեղինակ (43′ և 52′ րոպեներին)։ Դաշտի տերերը կարողացան պատասխանել միայն մեկ գնդակով. 78-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Լուկա Վալդշմիդտը։
Այս հաղթանակից հետո լևերկուզենյան ակումբը վաստակեց 55 միավոր և զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Քյոլնը» 31 միավորով 13-րդ տեղում է:
Տուրի զուգահեռաբար ընթացող այլ հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Աուգսբուրգ» 1:1 «Այնտրախտ»
- «Հայդենհայմ» 2:0 «Սանկտ Պաուլի»
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































