Մադրիդի «Ռեալի» երկրպագուները խիստ դժգոհ են մնացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բետիսի» դեմ կայացած խաղից (1:1)։ Ֆուտբոլիստների՝ մարզադաշտից հեռանալու ժամանակ ֆանատներն իրենց վրդովմունքն են հայտնել թիմին։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինների» երկրպագուներից մեկը, դիմելով խաղացողներին, բղավել է. «Դո՛ւք ամոթ չունեք, ցո՛ւյց տվեք ձեր դեմքերը»։
Նշենք, որ Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը հաղթանակը ձեռքից բաց է թողել՝ գոլ ընդունելով հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին (90+4՛)։
Այս խաղից հետո «Ռեալը» վաստակած 74 միավորով շարունակում է զբաղեցնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Մադրիդյան ակումբն 8 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային», ընդ որում՝ կատալոնացիները մեկ խաղ պակաս են անցկացրել։
Հաջորդ տուրում Արբելոայի սաները կմրցեն «Էսպանյոլի» հետ. հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։
























































