«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան կողմնորոշվել է իր ապագա ակումբի ընտրության հարցում։ Այս մասին հաղորդում է իսպանական El Chiringuito պարբերականը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 31-ամյա պորտուգալացու համար կարիերան շարունակելու առաջնահերթ և ամենացանկալի տարբերակը կատալոնական «Բարսելոնան» է։
Ավելի վաղ «քաղաքայինների» ավագը պաշտոնապես հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական ակումբից՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։ Սա ենթադրում է, որ նրա նոր ակումբը ստիպված չի լինի տրանսֆերային գումար վճարել «Մանչեսթեր Սիթիին», ինչը զգալիորեն մեծացնում է գործարքի հավանականությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան մանչեսթերյան գրանդի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր նաև իտալական «Յուվենտուսը»։ Սակայն, ինչպես նշվում է, թուրինյան ակումբն ի վիճակի չէ բավարարել պորտուգալացու բարձր ֆինանսական պահանջները։























































