Մադրիդի «Ատլետիկոն» չի ծրագրում հրաժեշտ տալ թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին՝ վերջ դնելով նրա հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերին։
Ավելի վաղ մարզական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ալվարեսը հայտնվել է եվրոպական բարձրակարգ ակումբների տեսադաշտում. ֆուտբոլիստի ծառայություններով առավելապես հետաքրքրված էին Լոնդոնի «Արսենալն» ու կատալոնական «Բարսելոնան»։
Սակայն, ինչպես հաղորդում է հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը, մադրիդյան ակումբի ղեկավարությունն անդրդվելի է իր որոշման մեջ և անգամ չի պատրաստվում «Բարսելոնայի» հետ բանակցություններ վարել կամ քննարկել արգենտինացու հնարավոր վաճառքի հարցը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսն «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է շուրջ 90 միլիոն եվրո, իսկ ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
























































