Իտալացի անվանի նախկին մասնագետ, Մադրիդի «Ռեալի» և իտալական մի շարք գրանդ ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգրի համար պայքարում Իտալիայի հավաքականի կրած անհաջողությանը՝ մատնանշելով գլխավոր պատասխանատուներին։
Հիշեցնենք, որ որակավորման փուլի A ուղու անցումային խաղերի (փլեյ-օֆֆ) եզրափակիչում իտալացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջեցին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (1-1, 11մ՝ 1-4)՝ զրկվելով Մունդիալին մասնակցելու իրավունքից։
«Այստեղ ոչ ոք չի պատրաստվում հրաժարական տալ, և հենց դա է ամենաշատն անհանգստացնում։ Առաջինը, ով պետք է ստանձնի այս ձախողման պատասխանատվությունը, ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև ողջ ղեկավար կազմը։ Խոսքը ոչ միայն գրանցված արդյունքների, այլև երկրի ֆուտբոլային համակարգի մասին է։ Իտալիան վերաիմաստավորման կարիք ունի։ Մենք պետք է համախմբենք լավագույն փորձագետներին, վերլուծենք ստեղծված իրավիճակը և վերակառուցումը սկսենք զրոյից։ Այս հարվածից ուշքի գալը չափազանց բարդ է լինելու, բայց ես հավատում եմ, որ այն կարող է իսկական վերածննդի հիմք դառնալ»,- անվանի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հատկանշական է, որ սա արդեն երրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունն է, որն անցնելու է առանց Իտալիայի ընտրանու։ «Սկուադրա Աձուրան» վերջին անգամ Մունդիալին մասնակցել է 12 տարի առաջ՝ 2014 թվականին Բրազիլիայում կայացած առաջնությանը։ Այդ ժամանակ իտալացիները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը։



























































