Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած B լիգայի երկրորդ խմբի խաղում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի Մ-19 ընտրանու դարպասը:
Հայկական կողմից դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Աշիկյանը, իսկ Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաթոյանը, Մայքլ Ասիրյանը, Դանիել Համբարձումովը, Մարտուն Հովհաննիսյանը, Ալբերտ Գարեգինյանն ու Հարություն Մովսիսյանը աչքի ընկան մեկական խփած գնդակով:
Զուգահեռաբար ընթացող մյուս հանդիպումն ավարտվեց Կոսովոյի հավաքականի հաղթանակով, որը 3։1 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ: Արդյունքում, չնայած Ջիբրալթարի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակին և նախորդ երկու տուրերում Կոսովոյի ու Թուրքիայի հետ գրանցած ոչ-ոքիներին (երկու խաղն էլ ավարտվել էր 1։1 հաշվով), Հայաստանի հավաքականը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ ավարտելով իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Խմբի առաջատար դարձավ Կոսովոն՝ 7 միավորով նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր, երրորդ տեղում Թուրքիան էր՝ վաստակած 4 միավորով, իսկ Ջիբրալթարը եզրափակեց աղյուսակը՝ կրելով երեք պարտություն:




























































