Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյային, եթե թիմի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը հեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հավանականություն կա, որ բրազիլացին չի երկարաձգի «սերուցքայինների» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այդ իսկ պատճառով «Արքայական ակումբը» կարող է վաճառել վինգերին 2026 թվականի ամռանը՝ պահանջելով առնվազն 100 մլն եվրո։ Ստացված հասույթը կարող է ուղղվել Վիտինյայի տրանսֆերին։
Նշվում է, որ պորտուգալացի կիսապաշտպանի պայմանագրում առկա է 100 մլն եվրո հրաժարագնի կետ, որը «Ռեալը» կարող է ակտիվացնել, եթե ֆուտբոլիստը ցանկություն հայտնի տեղափոխվել Մադրիդ։
Ընթացիկ մրցաշրջանում Վիտինյան մասնակցել է 23 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։


























































