Իտալական Սերիա Ա-ի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ լիգան մտադիր է 2026 թվականի փետրվարի 8-ին Իտալիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայանալիք «Միլան»-«Կոմո» հանդիպումն անցկացնել Ավստրալիայի Պերթ քաղաքում։
Պատճառը «Սան Սիրո» մարզադաշտի ժամանակավոր փակումն է 2026 թվականի հունվարի 10-ից մինչև փետրվարի սկիզբ՝ կապված Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության նախապատրաստական աշխատանքների հետ։
Սերիա Ա-ի ղեկավարությունը, օգտվելով այս առիթից, առաջարկել է խաղն անցկացնել արտերկրում՝ իտալական ֆուտբոլը նոր շուկաներում խթանելու նպատակով։
«Ես բավարար լավատես եմ, թեև գործընթացը դանդաղ է ընթանում։ Առայժմ փոփոխություններ չկան, սպասում ենք ՈւԵՖԱ-ի հաստատմանը, բայց հույս ունենք, որ այն կստացվի մինչև այս ամսվա վերջ։ Գիտակցում եմ, որ սա հեշտ ճանապարհորդություն չէ իտալացի երկրպագուների համար, սակայն վստահ եմ, որ ոմանք կօգտվեն հնարավորությունից՝ այցելելու Ավստրալիա, որտեղ, հնարավոր է, երբեք չեն եղել։
Մեր պարտքն է զարգացնել իտալական ֆուտբոլը այնպիսի երկրներում, որտեղ դրա նկատմամբ պահանջարկ կա»,- Սիմոնելիի խոսքն է մեջբերում Corriere dello Sport-ը։























































