Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղից հետո՝ «Սանտիագո Բեռնաբեու» վերադարձի մասին։
Լա Լիգայի մեկնարկային խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ Հանդիպման 51-րդ րոպեին միակ գոլը խփել է Կիլիան Մբապեն՝ հաջողությամբ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Այս խաղը դարձել է Ալոնսոյի նորամուտը Լա Լիգայում՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Հիշեցնենք, որ նա խաղացել է մադրիդյան ակումբում 2009-2014 թվականներին։
«Կան դրական կողմեր, առաջին հերթին՝ արդյունքը։ Մենք խաղում էինք ընդամենը երկու շաբաթվա նախապատրաստական շրջանից հետո՝ ընդդեմ թիմի, որը ավելի երկար ժամանակ էր պատրաստվել։
«Օսասունան» խաղում էր խորը պաշտպանությունում, և մեզ պակասում էր թարմություն ու պատրաստակամություն՝ ավելի շատ ռիսկի դիմելու համար։ Մենք դասեր կքաղենք, քանի որ վստահ եմ, որ ապագայում նման խաղեր դեռ շատ կլինեն։
Սա հատուկ և անմոռանալի օր էր ինձ համար։ Հրաշալի է վերադառնալ «Սանտիագո Բեռնաբեու»՝ որպես մարզիչ։ Հուսով եմ, սա մեր բազմաթիվ հաղթանակներից միայն առաջինն էր, որոնք մենք կտոնենք», — Խաբի Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հաջորդ տուրում «Ռեալը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Օվյեդոյի» հետ։




























































