39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նախատեսում էր շարունակել կարիերան Մադրիդի «Ռեալում», սակայն ակումբը որոշել է երիտասարդացնել կազմը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Խորվաթ ֆուտբոլիստը հարգանքով ընդունել է ղեկավարության որոշումը։
«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Մոդրիչի հեռանալու մասին մայիսի 22-ին։ Նա կլքի ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտին՝ ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
Մոդրիչը «Ռեալին» միացել է 2012 թվականին «Տոտենհեմից»։ Ակումբում անցկացրած տարիներին նա նվաճել է Չեմպիոնների լիգայի 6, Իսպանիայի առաջնության 4, ակումբային աշխարհի առաջնության 5, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթների ու Իսպանիայի Գավաթի 2-ական տիտղոսներ։ Ընդհանուր առմամբ, խորվաթը «Ռեալի» կազմում անցկացրել է 590 խաղ՝ խփելով 43 գոլ և կատարելով 95 գոլային փոխանցում։