Իսպանիայի դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Ռեալ Վալյադոլիդի» հինգ երկրպագուների՝ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Վալյադոլիդի «Խոսե Սորրիյա» մարզադաշտում։
Երկրպագուները Վինիսիուսի փոխարինման պահին վիրավորել են նրան՝ կիրառելով կապիկի ձայներ և սևամորթներին ուղղված վիրավորական արտահայտություններ։ Դատարանը հայտարարել է, որ արարքն ունեցել է «ակնհայտ ռասիստական դրդապատճառներ՝ նպատակ ունենալով նվաստացնել և վիրավորել ֆուտբոլիստին»։ Բացի մեկ տարվա ազատազրկումից, մեղավորները պետք է վճարեն 1,620 եվրո տուգանք։
Վինիսիուսը բազմիցս պայքարել է ռասիզմի դեմ՝ նախկինում հայտարարելով, որ Լա Լիգան «պատկանում է ռասիստներին»։ Նա հույս է հայտնել, որ դատարանի այս որոշումը կօգնի կանխել նման դեպքերը ապագայում։