Վաղը՝ մայիսի 11-ին, կկայանա ընթացիկ մրցաշրջանի վերջին Էլ Կլասիկոն. «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։
Ըստ El Nacional պարբերականի՝ խաղից մի քանի օր առաջ «Բարսելոնայի» մի քանի առաջատար ֆուտբոլիստներ դիմել են թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ խնդրանքով, որ նա Կլասիկոյում խաղադաշտ դուրս չբերի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կենտրոնական պաշտպանը հիասթափեցրել է իր թիմակիցներին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ինտերի» դեմ պատասխան խաղում (4։3) փոխարինման դուրս գալուց հետո ցուցադրած խաղով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այդ հանդիպման վերջին րոպեներին գոլ ընդունեց հենց Արաուխոյի սխալի պատճառով։ Այդ պահի դրությամբ կատալոնացիները հաղթում էին և դուրս էին գալիս եզրափակիչ։ Մրցաշրջանի վերջին Կլասիկոն կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։