«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը գերմանական Bild պարբերականի Phrasenmäher փոդքասթում անդրադարձել է Լիոնել Մեսսիի հետ ունեցած բարդ հարաբերություններին՝ նշելով, որ արգենտինացին «միակն էր, ով կարող էր դիտմամբ գնդակը դեմքիդ ուղարկել»։
«Նա այն խաղացողն է, ով, եթե ուզենար, կարող էր քեզ վատ վիճակի մեջ դնել։ Ուներ այնպիսի հարված, որ կարող էր ուղիղ դեմքիդ խփել։ Դա մի քանի անգամ արել է։ Ինչո՞ւ էր բարկանում՝ պետք է իրեն հարցնեք»,– ասել է Տեր Շտեգենը՝ նշելով, որ Մեսսիի հետ երբեմն չեն հասկացել միմյանց։
Թեև խոստովանել է, որ երբեք բացահայտ չեն վիճել, Տեր Շտեգենը չի թաքցրել՝ եղել են լարված պահեր. «Մեսսին մոտիվացիա էր ստանում այն բաներից, որոնք մեզ համար տարօրինակ էին։ Բայց հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էր նա առաջնորդում։ Նա շատ բան չէր ասում, բայց երբ ասում էր՝ բոլորը լսում էին»։
Դարպասապահը նաև բարձր է գնահատել Պեդրիի կարողությունները՝ ընդգծելով, որ իսպանացին ապագայում կարող է դառնալ «կապտանռնագույնների» առանցքային ավագ. «Նա արդեն իսկ բացառիկ է, և ինձ չի զարմացնի, եթե մի օր դառնա թիմի ավագը»։