Միլանի «Ինտերի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսին: 22-ամյա ֆուտբոլիստին ստանալու միակ միջոցը նրա պայմանագրով սահմանված հրաժարագինը 111 մլն եվրոյի դիմաց ակտիվացնելն է: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ «Թվիթերի» իր էջում:
Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան», որի համար արգենտինացուն ձեռք բերելը գլխավոր տրանսֆերային խնդիրն է առաջիկա ամռան համար:
Կապտանռնագույններն առաջարկել են գործարքում ներառել պաշտպաններ Խունիոր Ֆիրպոյին և Նելսոն Սեմեդուին, ինչպես նաև կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, բայց իտալացիները մերժել են, քանի որ նրանցից ոչ մեկը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ:
Հայտնի է, որ «Բարսելոնան» պատրաստ է Լաուտարոյին մեկ մրցաշրջանի համար 10 մլն եվրո վճարել:
Մարտինեսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: