Տանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։
Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։ Դեկտեմբերի 27-ին, Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու պահին կծելով իր լեզուն, որը խրվել է կոկորդում։
Մենամարտից անմիջապես հետո Մգայան տեղափոխվել է տեղի հիվանդանոց, սակայն մի քանի օր անց մահացել է։ Համաշխարհային բռնցքամարտի խորհուրդը (WBC) իր խորին ցավակցություններն է հայտնել մարզիկի ընտանիքին և ընկերներին։