Հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է «Բավարիայի», «Լիվերպուլի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանի քննադատությանը, ով ակնարկել էր, որ անգլիացի ֆուտբոլիստը բավարար արդյունավետությամբ աչքի չի ընկնում կարևոր հանդիպումներում։
2023 թվականին Մյունխենի ակումբ տեղափոխվելուց հետո Քեյնը ցուցադրել է տպավորիչ վիճակագրություն՝ 62 խաղում խփելով 64 գոլ և կատարելով 21 գոլային փոխանցում։ Նրա դեբյուտային՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում, Քեյնը խփել է 36 գոլ և արժանացել մրցանակի։ Այս մրցաշրջանում նա արդեն 17 խաղում խփել է 20 գոլ՝ այդ թվում հեթ-տրիկներ «Հոլշտայն Կիլի» և «Շտուտգարտի» դեմ խաղերում, ինչպես նաև պոկեր «Դինամո Զագրեբի» դարպասին։
Չնայած դրան, Քեյնը, ով գոլ էր խփել «Բարսելոնայի» հետ պարտված խաղում (1:4), չկարողացավ աչքի ընկնել «Բայեր Լևերկուզենի», «Ասթոն Վիլայի», «Բենֆիկայի» և «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» դեմ խաղերում։ Սա պատճառ դարձավ Համանի քննադատության համար, ով հոկտեմբերին ասել էր.
«Նրան չէին գնել «Դարմշտադտի» հետ խաղում հեթ-տրիկներ խփելու համար»։
31-ամյա հարձակվողը, ով հանդիսանում է «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, դեռևս իր կարիերայում մեծ տիտղոս չի նվաճել։ Նրա տեղափոխությունը «Բավարիա» համընկավ ակումբի համար հազվադեպ անհաջող մրցաշրջանի հետ, երբ չեմպիոնական տիտղոսը բաժին հասավ «Բայերին»։
Քննադատությանը Քեյնը պատասխանել է.
«Հնարավոր է, որ դա ինչ-որ չափով կոնտեքստից կտրված է։ Ես միշտ փորձում եմ գոլ խփել յուրաքանչյուր խաղում և օգնել թիմին։ Այս շաբաթը շատ կարևոր է, և մենք դա գիտակցում ենք։
Որպես հարձակվող և թիմի ռմբարկու՝ ես, իհարկե, ուզում եմ օգնել գոլերով։ Բայց միշտ զգում եմ, որ իմ խաղն ավելին է, քան պարզապես գոլերը, լինի դա գնդակով, թե առանց գնդակի։
Եթե մենք երեք հաղթանակ տանենք, իսկ ես գոլ չխփեմ, ես երջանիկ կլինեմ, և մարզիչը նույնպես գոհ կլինի։ Սա ամենակարևորն է»,- նշել է Քեյնը։