Ժոան Լապորտան բացատրել է Չավիի հեռացումը «Բարսելոնայից»։
Կատալոնական ակումբի նախագահը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզչի մասին՝ Հանսի Ֆլիկի՝ որպես թիմի նոր մարզչի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։
«Ես ուզում եմ խոսել Չավիի մասին: Որոշումը, որ նա չի մնա, հեշտ որոշում չէր։ Շատ դժվար է նման որոշում կայացնել մի մարդու մասին, որին դուք շատ հարգում եք և որը ոսկե տառերով է գրել «Բարսայի» պատմությունը։
Տնօրենների խորհուրդը և ես՝ որպես նախագահ, «Բարսելոնայի» շահերը վեր ենք դասում տարբեր իրավիճակներից։ «Բարսելոնան» միշտ առաջին տեղում է։
Մենք չենք հավատում, որ ունենք բացարձակ ճշմարտություն, բայց կարծում ենք, որ ժամանակն է, որ ինչ-որ բան փոխվի։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չավիին և նրա թիմին այն լավ աշխատանքի համար, որը նրանք կատարեցին՝ ակումբ գալով ամենամեծ դժվարության պահին:
Նրանք հաղթեցին Լա Լիգան, Սուպերգավաթը և մեծ նվիրվածություն ցուցաբերեցին ակադեմիայի խաղացողներին։
Նախորդ մրցաշրջանը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր, և մեզ նոր ազդակ էր անհրաժեշտ»,- Ժոան Լապորտայի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































