«Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ երազանքն է եղել: Ուրախ եմ, որ վերջին մրցաշարում վերջապես կարողացա ուղեգիրը նվաճել»: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, որն առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերի ուղեգիրը Չալոյանը նվաճել է միայն հունիսի սկզբին՝ Թայլանդի վարկանիշային մրցաշարում:
«3 վարկանիշային մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն, շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված: Սպասելիքներն արդեն ռինգը ցույց կտա»,- նշել է Չալոյանը:
Նրա խոսքով՝ Փարիզում գլխավոր խնդիրը բարձր մակարդակով հանդես գալն է՝ հաշվի առնելով մեծ պատասխանատվությունը:
Օլիմպիական խաղերին նախապատրաստությունը Չալոյանը սկսել է վարկանիշային մրցաշարից հետո: Առաջիկայում ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում Ծաղկաձորում և Երևանում:
Հիշեցնենք՝ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտված վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում Չալոյանը 3:2 հաշվով առավելության էր հասել իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ և ապահովել իր մասնակցությունը Փարիզի խաղերին: Չալոյանը գերծանր քաշային կարգում Հայաստանի առաջին ներկայացուցիչը կլինի Օլիմպիական խաղերում: