Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Լևերկուզենի «Բայերի» և Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այդ մասին հայտնել է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ այս տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ակումբի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով ցանկանում է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը, և 23-ամյա խաղացողը դարձել է նրա առաջնահերթ տարբերակը։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» արդեն տրանսֆերային առաջարկ է արել «Բայերին», սակայն գերմանացիներին առաջին առաջարկը չի հետաքրքրել։
Իր հերթին, Diario Sport-ը նշում է, որ գերմանական ակումբը դեմ չի լինի, որ գործարքում ընդգրկվի այլ ֆուտբոլիստ, և այս համատեքստում պետք է նշել, որ օրերս լևերկուզենյան ակումբը տեղեկություն է խնդրել Անսու Ֆատիի տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ գերմանական ակումբը ցանկանում է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին 10-15 մլն եվրոյով, կամ վարձակալել ֆուտբոլիստին։ Այդ ամենը հաշվի առնելով, հնարավոր է, որ Ֆատին ընդգրկվի Ֆրիմպոնգի տրանսֆերային գործարքում։
Ինքը՝ Ֆրիմպոնգը, ցանկանում է սպասել մինչև Եվրոպայի առաջնության ավարտը՝ կարիերան շարունակելու վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց առաջ։
























































