Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Սելտայի» նկատմամբ։
Այսպիսով, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձել է Իսպանիայի առաջնության ռեկորդակիր միանգամից երկու վիճակագրական ցուցանիշներով։
2011 թվականից ի վեր «Ատլետիկոն» արգենտինացի մասնագետի գլխավորությամբ վաստակել է 976 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի պատմության մեջ։ Սիմեոնեն այս ցուցանիշով գերազանցել է իսպանացի հայտնի մարզիչ Լուիս Արագոնեսին (973)։ Լավագույն 5-յակում են նաև Խավիեր Իրուրետան (871), Էռնեստո Վալվերդեն (860) և Մանուել Պելեգրինին (814):
Հարկ է նշել, որ Իսպանիայում հաղթանակի համար երեք միավոր շնորհվում է 1995 թվականից։
Նշենք նաև, որ «Սելտայի» հետ խաղում տարած հաղթանակը 400-րդն էր մադրիդյան թիմի գլխավոր մարզչի համար Իսպանիայում աշխատելու ողջ ընթացքում։ Սրա շնորհիվ Սիմեոնեն դարձել է իսպանական ֆուտբոլի առաջին մարզիչը, որը մեկ թիմով 400 հաղթանակ է տարել։
























































