Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը: Երկրորդ տուրից հետո առաջատարները չորսն էին. 1.5-ական միավոր ունեին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնյաշչին, Վան Հաոն ու Ֆաբիանո Կարուանան: 1 միավոր ուներ Ալեքսանդր Գրիշչուկը, կեսական միավոր ունեին Անիշ Գիրին ու Կիրիլ Ալեքսեենկոն, իսկ չինացի Դին Լիրենը միավոր չուներ:
Այսօր կայացած 3-րդ տուրում մրցեցին Լիրենն ու Կարուանան, Գիրին ու Լագրավը, Գրիշչուկն ու Հաոն, Ալեքսեենկոն ու Նեպոմնյաշչին: Դին Լիրենը վերջապես միավոր վասատկեց. չինացին ծնկի բերեց Կարուանային: Գիրին ու Լագրավը կիսեցին միավորը: Խաղաղ ելք գրանցվեց նաև Ալեքսեենկո-Նեպոմնայշչի ու Գրիշչուկ-Հաո պարտիաներում: Այսպիսով, 3 տուրից հետո 2-ական միավոր ունեն Լագրավը, Հաոն ու Նեպոմնյաշչին: 1.5 միավոր ունեն Կարուանան ու Գրիշչուկը: 1-ական միավոր ունեն Գիրին, Ալեքսեենկոն ու Լիրենը:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Տեղեկացնենք նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտությունից ելնելով, մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների: