«Բարսելոնայի», «Սևիլիայի» և Խորվաթիայի հավաքականի նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որն այժմ հանդես է գալիս սաուդյան «Ալ-Շաբաբում», մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի քաղաքականությունը։
«Ես չեմ խոսում «Ռեալի» գերակայության մասին այս մրցաշրջանում, բայց նրանք ամեն ինչ անում են ճիշտ՝ ուժեղ թիմ ունենալու և մի քանի տարի համաշխարհային ասպարեզը գլխավորելու համար: Ես սա ասում եմ մեծ հարգանքով, քանի որ նա երկար տարիներ եղել է իմ մրցակիցը, բայց տեսնելով, թե ինչի է հասել Ֆլորենտինո Պերեսը, կարելի է ասել. «Բրավո»: Նրանք ստանում են այն, ինչ ուզում են: Նրանք հաստատ ծրագիր ունեն։
Նախագահները միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ են անում, բայց Պերեսի որոշումները ճիշտ են և արդարացված: Ես խոսում եմ խաղացողների տրանսֆերների, մարզադաշտի, ակումբի իմիջի և ընդհանրապես այն ամենի մասին, ինչ շրջապատում է այն։ Նրան կարելի է շնորհավորել այն բանի համար, թե ինչպես է «Ռեալը» ղեկավարում անցումը մի սերնդից մյուսին»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Marca-ն: