Իսպանական «Բարսելոնան» ՖԻՖԱ-ից կստանա 3 միլիոնից մինչև 4,3 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում կիսապաշտպան Գավիի վնասվածքի համար, որը վերջինս ստացել էր 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի 10-րդ տուրի՝ Իսպանիայի և Վրաստանի հավաքականների միջև խաղում (3:1): Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» պետք է վճարում ստանա ՖԻՖԱ-ից՝ ակումբների պաշտպանության ծրագրի շրջանակներում։ Փոխհատուցումը կսկսի կուտակվել խաղացողի վնասվածքից հետո 28-րդ օրը և կախված կլինի նրա ֆիքսված աշխատավարձից: Մեկ խաղացողի վնասվածքի համար առավելագույն փոխհատուցումը կազմում է տարեկան 7,5 միլիոն եվրո կամ օրական 20,548 եվրո: «Բարսային» հասանելիք վճարումների չափը կհաշվարկվի դեկտեմբերի 16-ից։
Հաղորդվում էր, որ Գավին կարող է բաց թողնել վեցից ութ ամիս: Այսպիսով, ՖԻՖԱ-ի կողմից փոխհատուցման չափը կարող է տատանվել 3,082,200 եվրոյից մինչև 4,315,080 եվրո:























































