2024 թվականի Եվրոպայի առաջնության թիմերի հայտացուցակը կարող է կրճատվել մինչև 23 ֆուտբոլիստ, հաղորդում է Sky Sports-ը։
Նախկինում 2020 թվականի Եվրոպայի և 2022 թվականի Կատարում կայացած Աշխարհի առաջնության մասնակից ազգային հավաքականները կարող էին հայտացուցակում ներառել 26 խաղացողի։
Սա արվել էր կորոնավիրուսով պայմանավորված հնարավոր խնդիրները փոխհատուցելու նպատակով։ Սակայն առաջիկա մրցաշարում ազգային հավաքականների մարզիչները հնարավոր է, որ կարողանան հրավիրել միայն 23 խաղացողի։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Գերմանիայի տասը քաղաքներ կհյուրընկալեն մրցաշարի հանդիպումները։
























































