Հոկտեմբերի 21-ին 87 տարեկանում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ սըր Բոբի Չարլտոնը։
Դեռևս 2020 թվականին Չարլտոնի մոտ ախտորոշվել էր դեմենցիա։ Դեմենցիան ուղեղի վնասման հետ կապված հիվանդություն է, որը հանգեցնում է մտավոր ֆունկցիաների քայքայման, հիշողության կորստի, նախկինում ձեռք բերված գիտելիքների և գործնական հմտությունների կորստի:
Սըր Բոբին համարվում է Անգլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա 1966 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է և 1968 թվականի Եվրոպայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Բացի այդ, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը 1966 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է։ Չարլտոնը նաև 1958 թվականի Մյունխենի օդային աղետից փրկվածներից էր, որի հետևանքով զոհվել էին «Մանչեսթեր Յունայթեդի» բազմաթիվ ֆուտբոլիստներ ու մարզչական շտաբի անդամներ։