Վերջին շրջանի իրադարձություններից հետո FAF-ը, ֆուտբոլային գործունեությունից զատ, ծավալում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների բավարարման և հայրենիքի ինքնապաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժման ֆեյսբուքի էջից։
«Հատկապես կարևորում ենք արցախցիներին շարունակական աջակցության նախաձեռնությունները, տարբեր միջոցառումներով, նախագծերով նրանց՝ նոր կյանքի կառուցման, նոր պամաններում ադապտացիայի շրջանում աջակցելը։ Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին պարբերաբար և ըստ հերթականության կհայտարարենք։
Չարենց 46-ում գտնվող ՖԱՖ-ի տունը գործում է հատուկ ռեժիմով: Տևական ժամանակ է տարածքում ՖԱՖ-ականների կողմից հավաքագրվում և Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին են բաժանվում առաջին անհրաժեշտության պարագաներ սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, կենցաղային տեխնիկա, կահույք,
սպասք, գրենական պիտույքներ և այլն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ նախատեսվում է FAF-ի տարբեր ոլորտների մասնագետ անդամների կողմից դասընթացների կազմակերպումը՝ դպրոցական արցախցիների համար բաց թողնված դասերի լրացում և մի քանի ոլորտում մասնագիտացման արագացված դասընթացներ, որոնք կօգնեն մեր հայրենակիցներին հնարավորինս շուտ աշխատանք գտնել։
«Սիրելի՛ երկրպագուներ, հայրենակիցներ, եթե ցանկանում եք մասնակցություն ունենալ կամավորական աշխատանքներին, միանալ առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրմանը կամ ուզում եք փոխանցել աջակցության կարիք ունեցող արցախցի ընտանիքների կոնտակտային տվյալներ խնդրում ենք կապվել մեզ հետ՝ մեր սոցիալական ցանցերի էջերին նամակ գրելով»,- նշում են ՖԱՖ-ականները:
























































