ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով Ակադեմիական քաղաքի մանրամասները՝ նախարարը տեղեկացրել է, որ հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով: Ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար:
Նշենք՝ Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը:
«Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբերից և ավարտին հասցնել 2025 թվականի սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբերից. նախնական գնահատմամբ այն կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին: Այս փուլը պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում ունենանք կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվարից:
























































