«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեղադրյալ է դարձել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրայի գործով, հայտնում է Marca-ն։
Նախկինում ենթադրվում էր, որ Լապորտային մեղադրանք չի առաջադրվի վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, բայց հետաքննությունը որոշեց, որ ժամկետը չի լրացել, քանի որ հետհաշվարկը սկսվել է Նեգրեիրային վերջին վճարման օրվանից, որը տեղի է ունեցել 2018 թվականին:
Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին է վերադարձել 2021 թվականից։ Նա նախկինում ղեկավարել է կատալոնական ակումբը 2003-ից 2010 թվականներին:
Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ ակումբը կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Սեպտեմբերի 28-ին կատալոնացիներին մեղադրանք է առաջադրվել Նեգրեյրային կաշառք տալու գործով։ Բարսելոնայի քննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն, որը ղեկավարում է գործը, հանցագործություն է համարել ակումբի կողմից տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին 7,5 մլն եվրո վճարելը։ Ակումբը վճարումներ է կատարել Նեգրեյրային 2001-ից 2018 թվականներին։
Եթե դատարանը ապացուցի «Բարսելոնայի» մեղավորությունը, ակումբը կարող է հեռացվել Լա Լիգայից և տեղափոխվել Սեգունդա դիվիզիոն՝ Իսպանիայի առաջնության երկրորդ ուժեղագույն դիվիզիոն։