2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երևանը կընդունի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին 15-16 տարեկան բռնցքամարտիկներ կմասնակցեն՝ տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը հայտնում է՝ մրցումները կանցկացվեն նախկին «Միկա» մարզահամալիրում: Դեռևս հայտնի չէ, թե որքան մասնակից կունենանք:
Հիշեցնենք՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, որ IBA օրացույցում աշխարհի պատանեկան առաջնություն է գրանցվել 8 տարվա դադարից հետո: Պատանիների վերջին մրցումներն անցկացվել էին 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը՝ չինական Թայբեյում։ Այս անգամ մրցաշարը կանցկացվի համատեղ ձևաչափով:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը շնորհակալություն էր հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել, որ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով:
«Երևանն արդեն մի քանի մասշտաբային միջոցառումներ է հյուրընկալել, և մենք միանգամայն վստահ ենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի բացառիկ չափանիշներով»,- ասել է Ումար Կրեմլյովը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը պատանեկան ԱԱ-ն անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ այդ տարիքային խմբում արդեն իսկ լավ ձևավորված հավաքական ունենք:
«Մեր պատանի բռնցքամարտիկները սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ: Մասնագետների կարծիքով՝ նրանց շրջանում ապագա շատ լուրջ բռնցքամարտիկներ կան: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ որոշեցինք հայտ ներկայացնել, որն էլ բավարարվեց»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Այս տարվա ապրիլին Երևանում անցկացվել էր Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:
Ավելի վաղ հայ պատանի բռնցքամարտիկները նաև 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։























































