Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում առնվազն բրոնզե մեդալ է ապահովել 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ և 4:0 հաշվով կամային հաղթանակ տարել: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Մանասյանը մեկնաբանել է հաղթանակը.
«Ռևանշ մենամարտ էր: Վերջին անգամ Երևանում պարտվել էի նրան՝ ինչ-ինչ պատճառներով: Կարևորը՝ ճիշտ վերլուծեցինք մարզիչների հետ, գտանք սխալների ճիշտ պատասխանները: Առաջին ռաունդում հաղթանակը մրցավարների որոշմամբ շնորհվեց իսպանացուն: Երկրորդ ռաունդում ներդրեցի բոլոր ուժերս, և որոշում կայացվեց հօգուտ ինձ: Երրորդ ռաունդում ավելացրեցի և ունեցա հաղթանակ: Շատ ուրախ եմ, որ մեդալ ապահովեցի: Շարունակելու եմ դեպի ոսկին»,- ասել է Նարեկ Մանասյանը:
ԱԱ-ի կիսաեզրափակչում Մանասյանն այսօր ցերեկային մրցահերթում ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցչի հետ: