Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ցերեկվա մրցահերթից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփել է արդյունքները:
Հիշեցնենք՝ 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ) և Էրիկ Առստամյանը (54 կգ) արժանացել են բրոնզե մեդալներին:
«Գոռը ճիշտ աշխատեց: Մրցակիցն ավելի բարձրահասակ էր, ինչը սկզբում մի փոքր խանգարում էր: Ռուսաստանի թիմը բավական հզոր կազմով է ներկայացել այս առաջնությանը, բայց Գոռը երրորդ ռաունդի հաշվին՝ տեխնիկական ճիշտ ընտրության շնորհիվ, կամային որակներ ցույց տվեց և հաղթեց մենամարտում: Գոռը լավ է պատրաստ, հոգնածություն էլ չկա:
Դավիթը իր ուժեղ հարվածող ձախ ձեռքը վնասել է: Ընդհանրապես չի կարողանում շարժել և հնարավոր չէր այդպես մենամարտել:
Հովհաննեսը ինձ զարմացրեց, քանի որ իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ: Այդ մրցակցին միջազգային մրցաշարերում հաղթել էր: Հովհաննեսի մոտ փորձի պակաս է նկատվում, քանի որ ընդամենը 2-3 տարի է՝ մարզվում է:
Էրիկը հրաշալի մենամարտ անցկացրեց Ջավախքի մեր մյուս հայրենակցի հետ: Վերջինս շատ փորձառու է, արդեն իսկ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: Երկուսն էլ հրաշալի աշխատեցին: Էրիկից շատ գոհ եմ. նա նոր է մտել երիտասարդների հավաքական ու կարծում եմ՝ հաջորդ տարի ոչ մեկին չի զիջի»:
Նշենք՝ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտել պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակիչում են և ապահովել են նույնքան մեդալ։ Մարզիչը ևս սա աննախադեպ արդյունք է համարում.
«Նման բան չէր եղել: Երիտասարդների հավաքականն իր ամենամեծ հաջողությունը գրանցել է 2021 թվականին, երբ Մոնտենեգրոյում մասնակցում էինք Եվրոպայի առաջնությանը և ունեցանք երկու չեմպիոն, երկու փոխչեմպիոն և մեկ բրոնզե մեդալակիր: Հիմա գերազանցում ենք նախորդ արդյունքը: Հուսամ՝ կկարողանանք գոնե 2-3 չեմպիոն ունենալ Երևանում»:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանն այսօր ևս 8 ներկայացուցիչ կունենա: Եզրափակիչները կկայանան մայիսի 3-ին: