54 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը, որը ներկայացնում է Վրաստանը, Երևանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում առավելության հասնելով Հայաստանը ներկայացնող Էրիկ Առստամյանի նկատմամբ:
Առստամյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Այվազյանը պայքարը կշարունակի ոսկե մեդալի համար:
Գոռը Ջավախքից է, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն: Ասում է՝ եզրափակչում հաղթանակի հասնելն իր գլխավոր նպատակն է.
«Շատ ուժեղ մրցակցի հետ էի մենամարտում: Հետաքրքիր մենամարտ ստացվեց: Երևի՝ ես ավելի լավ էի պատրաստվել: Փառք Աստծո, կարողացա հաղթանակ տանել ու դուրս գալ եզրափակիչ, ինչի համար շատ ուրախ եմ: Գնում եմ դեպի չեմպիոնություն. Պետք է ամեն ինչ անեմ, որ հաղթեմ նաև եզրափակչում»,- ասում է Գոռ Այվազյանը:
Նրա խոսքով՝ տարբերություն չկար, որ հայի հետ էր մենամարտում. «Ռինգում տարբերություն չկա, թե ով է մրցակիցդ՝ եղբայրդ, ընկերդ, թե՛ հայրենակիցդ: Ռինգից դուրս մենք ընկերներ ու եղբայրներ ենք: Այն, որ Հայաստանում էի մենամարտում, շատ զգացմունքային էր:
Այստեղ են նաև Ջավախքի իմ ընկերները, որոնք մեծ աջակցություն ցուցաբերեցին և մեծապես նպաստեցին իմ հաղթանակին: Սա նաև նրանց հաղթանակն էր: Շնորհակալ եմ ինձ ոգևորելու համար»: