Հայաստանը կրկին դառնում է բռնցքամարտի Եվրոպական մայրաքաղաք։ Այսօր Երևանում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Նա նաև տեղեկացրել է,որ մուտքն ազատ է լինելու: Այսօր Միկա մարզահամալիրում ժամը 17:00-ին կկայանա մրցաշարի բացման արարողությունը, իսկ մինչ այդ՝ ժամը 13:00-ից, նույն վայրում կմեկնարկեն մեկնարկային մենամարտերը:
Բացման արարողությունից հետո մենամարտերը կշարունակվեն: Հայաստանն այսօր ներկայացուցիչ կունենա երեկոյան մրցահերթում: Ռինգ դուրս կգա 92+ կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյան (92+ կգ):