Հայաստանի մարմնամարզության հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող Համլետ Մանուկյանը և արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կիսվել են տպավորություններով.
«Աշխարհի առաջնությանը շատ լավ էինք նախապատրաստվել: Կարողացանք անել այն, ինչ մարզումների ժամանակ: Շնորհակալ եմ մեր մարզիչներին այս արդյունքների համար և մեր հետ կատարած աշխատանքի համար»,- ասում է Համլետ Մանուկյանը:
«Առանց մարզիչների՝ այս արդյունքները հնարավոր չէին լինի: Մեզ համար մեծ մոտիվացիա էր, որ ֆեդերացիայի ղեկավարները եկել էին Թուրքիա և աջակցում էին մեզ: Հիմա պետք է ավելի շատ աշխատենք, տանջվենք, որ ավելի մեծ բարձունքների հասնենք»,- ավելացնում է Մամիկոն Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: