«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի (3:1) մասին։ Հանդիպման 77-րդ րոպեին մանկունիանցիները զիջում էին 0:1 հաշվով, սակայն մնացած ժամանակում կարողացան երեք գոլ խփել։
«Հեշտ չէր: Ամենից շատ ինձ դուր եկավ այս թիմի տոկունությունը և հավատը, որ մենք կարող ենք հաղթել: Սա մեծ բնավորության դրսևորում է և ոչ միայն խաղադաշտում, այլև պահեստայինների նստարանին։ Նրանք աջակցում են միմյանց, էներգիա են հաղորդում միմյանց: Հուսով եմ, որ սա կշարունակվի, քանի որ մեզ պետք է այդ լավ ոգին:
Բաց թողած գոլից հետո հավատո՞ւմ էի հաղթանակին. Ես միշտ զգացել եմ, որ կարող ենք հաղթել։ Դա ակնհայտ էր խաղից, մեր սառնասրտությունից՝ խուճապ չկար։ Մի փոքր անհաջողության մատնվեցինք Կազեմիրոյի գոլի հետ կապված, որը խաղից դուրս վիճակում արձանագրվեց, բայց հետո հնարավորություններ գտանք ավելի շատ գոլ խփելու համար:
Մենք խուսափեցինք լրացուցիչ ժամանակից, և դա օգնեց թիմին պահել մարզավիճակը: Ուրախ եմ, որ մենք ստիպված չեղանք ևս 30 րոպե խաղալ, քանի որ չորս օրից ևս մեկ հանդիպում ունենք: Մենք գնում ենք խաղից խաղ, և հաջորդն ամենակարևորն է։
Տրիբունաների աջակցությու՞նը. Մենք միասնական ենք մեր երկրպագուների հետ, և միասին ենք ստեղծում այս հաղթանակները։ Բայց դա պետք է սկսել մեզանից, թիմը պետք է էներգիա ցույց տա և գերիշխի հանդիպումներին։ Իսկ մարզադաշտն ու մեր երկրպագուները բազմապատկում են այս էներգիան ու վերադարձնում խաղացողներին։ Այնպես որ, դա մեծ նշանակություն ունի»,- ասել է Տեն Հագը հետխաղյա մամուլի ասուլիսում։
























































