Կատարցի ներդրողները կարող են գնել «Տոտենհեմի» բաժնետոմսերի մի մասը։ Ըստ The Times-ի՝ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, եթե շեյխ Ջասիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Թանին գնի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Qatar Sports Investments (QSI)-ը, որին պատկանում է նաև ՊՍԺ-ն, ուսումնասիրել է «Տոտենհեմի» բաժնետոմսերը գնելու հնարավորությունը և պատրաստ է առաջարկ անել, եթե լոնդոնյան ակումբի սեփականատեր Ջո Լյուիսը և տնօրենների խորհրդի նախագահ Դենիել Լևին հայտնեն, որ իրենք պատրաստ են վաճառել ակումբի մասնաբաժինը:
QSI-ն ընդլայնման ռազմավարություն է հետապնդում՝ նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերելով պորտուգալական «Բրագայի» բաժնետոմսերի 21,67%-ը և դիտարկում է տարբերակներ Պրեմիեր լիգայում: «Տոտենհեմը» նրանց գրավում է մարզադաշտի եկամտաբերությամբ։
Նշվում է, որ QSI-ի, Շեյխ Ջասիմի և երկրի սուվերեն հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի միջև պառակտում է տեղի ունեցել։ Ուստի, նշվում է նաև, որ շեյխ Ջասիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու առաջարկը չի ազդի QSI-ի ծրագրերի վրա։
























































