«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը վերջերս լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել, ստիպված է եղել մնալ Իտալիայում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Միլանի» (0-1) դեմ խաղից հետո: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Իտալիայում երեկ անցած հետվիրահատական հերթական զննումից հետո Կոնտեն մնացել է տանն իր ընտանիքի հետ, որպեսզի վերականգնվի վիրահատությունից: Առողջությունն ամենակարևորն է, և ակումբում բոլորը նրան ամենալավն են մաղթում: Քրիստիան Ստելինին կկատարի առաջին թիմի գլխավոր մարզչի պարտականությունները»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ առողջական խնդիրների պատճառով Կոնտեն վերջերս ստիպված էր եղել բաց թողնել ԱՊԼ 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (1-0):
























































