Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակն» այսօր՝ փետրվարի 14-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Կրասնոդարի «Կուբանի» հետ:
Խաղի մեկնարկը 18:00-ին է:
Հավաքի շրջանակում «Շիրակը» մինչ այս երկու ստուգողական խաղ է անցկացրել և երկուսում էլ պարտություն է կրել՝ զիջելով նախ ղազախական «Մակտարալին» (0-1), ապա Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմին (0-2):
«Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Կուբանի» դեմ խաղին իրենք կմանսակցեն հիմնական կազմով.
«Նախապես ծրագրածի համաձայն՝ հավաքի ընթացքում «Շիրակը» պետք է անցկացներ չորս ստուգողական հանդիպում: Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի հետ հանդիպումը նախատեսված չէր: Օգտվեցինք առիթից և հնարավորություն տվեցինք մեր երկրորդ կազմին: Հանդիպմանը մասնակցեցին մեր երիտասարդ տղաները ու բավականին ուժեղ մրցակցի հետ լավ պայքար մղեցին: Փորձի պակասը զգացնել տվեց: Արդեն այսօր կանցկացնենք նախապես ծրագրած հանդիպումը և կմրցենք ռուսական «Կուբանի» հետ, որին կմասնակցենք արդեն մեր հիմնական կազմով»,- ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել էր Էդգար Թորոսյանը:
























































