«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ խաղի սպասելիքներով։
«Այս մրցաշրջանում մեզ կայունություն է պակասում: Ես միշտ այս մասին խոսում եմ իմ խաղացողների հետ։ Դժվար է կենտրոնացած մնալ յուրաքանչյուր հանդիպման վրա: Մշտապես ճնշման տակ խաղալը լավ է որոշ խաղացողների համար, իսկ մյուսների համար՝ ոչ: Մենք աշխատում ենք դրա վրա։
Մենք ցանկանում ենք մեր խաղացողներին ավելի դիմացկուն դարձնել, բայց կան գործոններ, որոնք մենք չենք կարող վերահսկել, օրինակ՝ կարևոր խաղացողների վնասվածքները: Եթե ունես կարևոր նպատակ, քեզ կայունություն է պետք։ Պետք չէ ունենալ այսպիսի վերելքներ ու վայրէջքներ: Ես կենտրոնացած եմ այդ ամենի վրա: Այս պահին հեշտ չէ կենտրոնանալ յուրաքանչյուր հանդիպման վրա: Ես ուզում եմ փոխել դա»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլան» — «Տոտենհեմ» առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 14-ին, Իտալիայում, սկիզբը՝ Երևանի ժամանակով 00․00-ին։
























































