Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Գենադի Շատկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարում, որն անցկացվել է դեկտեմբերի 11-ից 18-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 բռնցքամարտիկներն էլ արժանացել են մեդալների։ Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել են 66 կգ քաշային Արման Մուսախանյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը և 80 կգ քաշային Նորայր Հակոբյանը։ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Արթուր Խլղաթյանը կիսաեզրափակչում փոքր-ինչ զիջել է մրցակցին և գրավել է երրորդ տեղը։
Արարատ քաղաքի մարզադպրոցի սաները միջազգային մրցաշարին մասնակցել են մարզադպրոցի տնօրե և բռնցքամարտի մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ։
«Ինձ համար շատ ոգևորիչ և ուրախացնող է այն փաստը, որ 75 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց Արմեն Պողոսյանը, քանի որ հենց այդ նույն քաշում է Շատկովը դարձել Օլիմպիական չեմպիոն»,- ասում է Արմենակյանը։
Հատկանշական է, որ Արմենակյանն ինքը 2008 թվականին Գենադի Շատկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարին մասնակցել է որպես գործող բռնցքամարտիկ և չեմպիոն հռչակվել։
Հուշամրցաշարն ավանդաբար բավական լավ կազմ է հավաքում՝ մասնակիցներ ունենալով ԱՊՀ անդամ պետություններից: