Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իգնասիո Ալոնսոն քննադատել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի մրցավարների աշխատանքը։
«Մեր խաղերում լուրջ սխալներ թույլ տված երկու մրցավարներ այլևս չեն սպասարկի Աշխարհի առաջնությունների հանդիպումները։
Խմբի մյուս հանդիպումներում նույնպես խախտումներ են եղել։ Ինչ-որ մեկը պարզապես հազաց Կրիշտիանու Ռոնալդուի կողքին, և մրցավարները նշանակեցին 11 մետրանոց»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Կատարում կայացավ Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը։ H խմբում մրցեցին Գանան և Ուրուգվայը։ Դանիել Զիբերտի եզրափակիչ սուլիչը ամրագրեց ուրուգվայցիների հաղթանակը 2։0 հաշվով։
Սակայն այս արդյունքը թույլ չտվեց Ուրուգվայի հավաքականին դուրս գալ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Թիմը 2006 թվականից ի վեր առաջին անգամ կանգ է առել խմբային փուլում։ H խմբից Աշխարհի առաջնության հաջորդ փուլ դուրս եկան Պորտուգալիան (6) և Հարավային Կորեան (4): Կորեացիներն ու ուրուգվայցիները հավասար միավորներ ունեն, սակայն Հարավային Կորեան ավելի շատ գոլ էր խփել մրցաշարում։
























































