«Մանչեսթեր Յունայթեդը» խզելու է պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ պորտուգալացու` վերջերս տված սկանդալային հարցազրույցի պատճառով։ Ակումբն արդեն ձեռնարկել է առաջին իրավական քայլերը՝ պորտուգալացու հետ համագործակցությունը դադարեցնելու համար, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ Ռոնալդուն խախտել է աշխատանքային պայմանագրի պայմանները՝ հրապարակային քննադատելով ակումբին։ Daily Mail-ն էլ գրում է, որ այդ կապակցությամբ «Յունայթեդում» ձգտում են խզել պայմանագիրը Կրիշտիանուի հետ՝ չվճարելով նրան փոխհատուցում, որը նախատեսված է մինչև պայմանագրի ավարտը (մինչև 2023 թվականի ամառ)։
Հիշեցնենք, որ 37-ամյա հարձակվողը հարցազրույց է տվել լրագրող Փիրս Մորգանին, որտեղ նա քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու ակումբի ենթակառուցվածքը, թիմի նախկին և ներկայիս մարզիչներ Ռալֆ Ռանգնիկին և Էրիկ տեն Հագին, խոսել է նաև «Մանչեսթեր Սիթի» ձախողված տեղափոխության մասին։
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ իրենք քայլեր են ձեռնարկել՝ ի պատասխան Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի: Թե ինչ միջոցների մասին է խոսքը, չի նշվում։
























































